Ուկրաինայի Սումիի մարզում շարունակում է ընդլայնվել պարտադիր տարհանման գոտին, այս մասին հայտնում է շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Գրիգորովը՝ նշելով, որ որոշումն ընդունվել է սահմանամերձ համայնքների գնդակոծությունների հետևանքով առաջացած մշտական սպառնալիքի պատճառով։
Տարհանման ցուցակում ներառվել են ևս 11 գյուղական բնակավայր՝ Գորոբովկա, Շտանովկա, Վորոնովկա, Յանչենկի, Ցիմբալովկա, Շկուրատովկա, Կրովնոյե, Նիկոլաևկա, Ռուդնովկա, Սպասկոյե և Կապիտանովկա։ «Որոշումը կայացվել է քաղաքացիական բնակչության կյանքին սպառնացող մշտական վտանգի պատճառով։
Մնալն այս գոտում նշանակում է ուղղակի սպառնալիք կյանքի և առողջության համար»,-հայտարարել է Գրիգորովը՝ կոչ անելով բնակիչներին անհապաղ լքել տարածքը։ Սումիի մարզը սահմանակցում է Ռուսաստանի Կուրսկի, Բրյանսկի և Բելգորոդի մարզերին։
Տարածքում ընդհանուր առմամբ արդեն 213 բնակավայր է ներառված պարտադիր տարհանման գոտում։ Մայիսի 25-ին Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր Ուկրաինայի հետ սահմանին «անվտանգության գոտու» ստեղծման մասին՝ նշելով, որ Կուրսկի շրջանից ուկրաինական զորքերը դուրս են մղվել։ Նշվում է, որ ռուսական կողմը վերահսկողություն է հաստատել Սումիի մարզի Մարյինո և Լոկնյա բնակավայրերի նկատմամբ։