Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը մեկնաբանել է Միլլի Մեջլիսի (Ադրբեջանի խորհրդարան) պատգամավոր Ազեր Բադամովին Մոսկվայի օդանավակայանում բերման ենթարկելու մասին տեղեկատվությունը։
Երկրի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն հաստատել է միջադեպը։
«Չնայած այն հանգամանքին, որ պատվիրակությունը Բաքվից Մոսկվա էր մեկնել, ռուսական կողմը, առանց որևէ նախնական նախազգուշացման կամ ծանուցման, Մոսկվայի օդանավակայանում բերման է ենթարկել պատգամավոր Ազեր Բադամովին՝ հայտարարելով երկիր նրա մուտք գործելու արգելքի մասին։ Մոսկվայի օդանավակայանում որոշ ժամանակ սպասելուց հետո նրան վերադարձրին մեր երկիր։
Դեպքի կապակցությամբ Ռուսաստանի Դաշնությունում մեր դեսպանատան միջոցով անմիջապես կապ է հաստատվել Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարության հետ, ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը հայտարարել է, որ հարցը կհետաքննվի, սակայն չի բացատրել այս որոշման պատճառները։