Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչներ Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հետ կքննարկի Ուկրաինայում հակամարտության խաղաղ կարգավորման հարցերը։
Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ «Մենք կփնտրենք և կքննարկենք տարբեր հարցեր, որոնք կարող են նպաստել Ուկրաինայի շուրջ ճգնաժամի կայուն կարգավորմանը», — նշել է Ուշակովը։ Անդրադառնալով բանակցություններին եվրոպական երկրների հնարավոր մասնակցությանը՝ նա հայտարարել է, որ Եվրամիությունը դեռևս չի կարողացել համապատասխան թեկնածու ընտրել այդ գործընթացում ներգրավվելու համար։
«Ամեն ինչ կախված է նրանից, թե նրանք էլ ում հետ կբանակցեն, իսկ դա դեռ հայտնի չէ», — հավելել է Ռուսաստանի նախագահի օգնականը։
Ուշակովի խոսքով՝ հանդիպման առանցքային թեմաներից է Ուկրաինայում հակամարտության ավարտից հետո Եվրոպայի անվտանգության նոր ճարտարապետության ձևավորումը։ Բանակցությունների ընթացքում անդրադարձ է կատարվել նաև հումանիտար հարցերին։
Մասնավորապես, Ռուսաստանն ու Ուկրաինան պայմանավորվել են ռազմագերիների նոր լայնածավալ փոխանակման շուրջ, որի մանրամասները նախատեսվում է հրապարակել առաջիկայում։ Այսօր Վլադիմիր Պուտինը կընդունի Սթիվ Ուիթքոֆին և Ջարեդ Քուշներին, որոնք Մոսկվա են ժամանել Աբու Դաբիից։
Նախօրեին Աբու Դաբիում ավարտվել են Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի ներկայացուցիչների եռակողմ խորհրդակցությունները։ Ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին բանակցությունների արդյունքներով հայտարարել է, որ կողմերին հաջողվել է մոտենալ խաղաղության հաստատմանը, սակայն հետագա առաջընթացը մեծապես կախված է գործընթացի բոլոր մասնակիցներից։








