Չինական լրատվամիջոցների հաղորդմամբ, սա վերջին հինգ տարիների ընթացքում տարածաշրջանում գրանցված ամենաուժեղ երկրաշարժն էր։ Չինաստանի Տիբեթի ինքնավար շրջանում տեղի է ունեցել 7 մագնիտուդով հզոր երկրաշարժ։ Պաշտոնական լրատվամիջոցները հայտնել են, որ Նագչու հյուսիսային քաղաքում և շրջակայքում զոհվել է առնվազն 16 մարդ, վիրավորվել՝ 65-ը, իսկ հարյուրավոր շենքեր են փլուզվել։ ԱՄՆ երկրաբանական ծառայության (USGS) տվյալներով՝ ցնցումները գրանցվել են հինգշաբթի օրը՝ տեղական ժամանակով ժամը 22:33-ին։
Էպիկենտրոնը գտնվել է Նագչուից 191 կիլոմետր դեպի արևելք-հյուսիս-արևելք, հյուսիսային Տիբեթի նոսր բնակեցված բարձրավանդակային շրջանում։ Չինաստանի պետական հեռարձակող CCTV-ն նշել է, որ այս երկրաշարժը վերջին հինգ տարվա ընթացքում տարածաշրջանում տեղի ունեցած ամենաուժեղն էր։
Նագչուի մամուլի ծառայության տվյալներով՝ փլուզվել է առնվազն 339 տուն և 20 անասնագոմ։ Չինաստանի նախագահ Սի Ծինփինը կոչ է արել ձեռնարկել բոլոր հնարավոր ջանքերը՝ որոնողական-փրկարարական գործողություններ անցկացնելու և բժշկական օգնություն ցուցաբերելու համար: Ներկայումս արտակարգ իրավիճակի գոտում տեղակայված է ավելի քան 1600 փրկարար:
Տուժած տարածք է մատակարարվել արտակարգ իրավիճակների համար անհրաժեշտ պարագաներ, այդ թվում՝ 1000 նախապես պատրաստված կացարան, 3000 վրան, ճամբարային մահճակալ, լապտերներ և ձմեռային հագուստ:








