Ռուսաստանը կկարողանա առանց խնդիրների դիզելային վառելիք վաճառել համաշխարհային շուկայում՝ նավթամթերքի նկատմամբ բարձր պահանջարկի շնորհիվ։ Այս մասին РИА Новости-ին տված մեկնաբանության մեջ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Պահանջարկը հսկայական է։ Շուկայից դուրս է մնացել նավթի և նավթամթերքի հսկայական քանակ... Ուստի, այսպես ասած, շուկաներում պահանջարկի հետ կապված խնդիր չկա։ Միայն թե առաջարկ լինի», — ասել է Պեսկովը։
Պատասխանելով այն հարցին, թե արդյոք արտահանման սահմանափակումների հանվելուց հետո որևէ երկիր արդեն դիմել է ռուսաստանյան դիզվառելիքի մատակարարումների համար, Կրեմլի ներկայացուցիչը պարզաբանել է, որ դրա անհրաժեշտությունը չկա, քանի որ վաճառքներն իրականացվում են թրեյդերների միջոցով։
Ավելի վաղ Ռուսաստանի կառավարությունը հայտարարել էր հոկտեմբերի 10-ից դիզելային վառելիքի արտահանման արգելքի մասնակի վերացման մասին։ Արտադրողների համար սահմանափակումները գործում էին մինչև հոկտեմբերի 31-ը, իսկ վառելիք չարտադրող ընկերությունների համար՝ մինչև 2027 թվականի հունվարի 31-ը։ Կառավարության հայտարարության համաձայն, առաջին փուլում այս միջոցը թույլ կտա համաշխարհային շուկա ուղղել 500 հազար տոննա դիզել։
Ուրբաթ օրը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ զրույցի ընթացքում ձեռք է բերվել պայմանավորվածություն ԱՄՆ ռուսաստանյան դիզելային վառելիքի մատակարարումների վերաբերյալ։ Ամերիկյան առաջնորդն ասել է, որ Միացյալ Նահանգները ուրախ է ռուսաստանյան դիզվառելիք ստանալու հնարավորության համար և դրա կարիքն ունի։








