Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրենի պաշտոնի համար առաջին անգամ հայ թեկնածու է առաջադրվել։ Մանկական ուռուցքաբան-արյունաբան, պրոֆեսոր Գևորգ Թամամյանն ընդգրկվել է թեկնածուների ցանկում։
Թամամյանի թեկնածությունն առաջադրել է Բոտսվանայի կառավարությունը։ Սա ուշագրավ է նաև նրանով, որ ԱՀԿ անդամ երկրները սովորաբար առաջադրում են սեփական երկրի ներկայացուցիչներին։
Բոտսվանան Թամամյանի թեկնածությունն առաջադրել է՝ հաշվի առնելով սահմանափակ ռեսուրսներ ունեցող երկրներում առողջապահական համակարգերի զարգացման և քաղցկեղի բուժման հասանելիության ուղղությամբ նրա գործունեությունը։
«Որպես մանկական ուռուցքաբան՝ ես իմ մասնագիտական ուղին անցել եմ՝ բուժօգնություն կազմակերպելով այնպիսի վայրերում, որտեղ ռեսուրսները սուղ էին, իսկ համայնքները՝ անբավարար սպասարկվող։ Ես տեսել եմ երեխաների, որոնք ողջ են մնացել, մինչդեռ քչերն էին հավատում դրան, և տեսել եմ երեխաների, որոնք մահացել են պարզապես այն պատճառով, թե որտեղ են ծնվել»,- գրել է Թամամյանը։
Գևորգ Թամամյանն Իմունային ուռուցքաբանության հետազոտական ինստիտուտի (IMMONC) գործադիր տնօրենն է և OncoDaily հարթակի համահիմնադիրն ու գլխավոր խմբագիրը։ Նա նախկինում ղեկավարել է Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնը, ինչպես նաև Երևանի պետական բժշկական համալսարանի մանկական ուռուցքաբանության և արյունաբանության ամբիոնի վարիչն է։
Նա նաև POEM միջազգային համագործակցային ցանցի նախագահն է, որը միավորում է 28 երկրի մասնագետների և քաղցկեղի 110 կենտրոնների։
ԱՀԿ գլխավոր տնօրենի ընտրությունները նախատեսված են 2027 թվականի մայիսին՝ կազմակերպության 80-րդ Համաշխարհային առողջապահական վեհաժողովի ընթացքում։








