ՆԱՏՕ-ի անդամ և առանձին արևմտյան երկրներ ձգտում են Հայաստանին «պոկել» ՀԱՊԿ-ի իր դաշնակիցներից։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտարարել է ՀԱՊԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը։
«Մենք նկատում ենք ՆԱՏՕ-ի անդամ և առանձին արևմտյան երկրների ձգտումը՝ Հայաստանին «պոկելու» ՀԱՊԿ-ի իր դաշնակիցներից, այդ թվում՝ համատեղ զորավարժություններ անցկացնելու միջոցով»,- ասել է Վասիլևը։
Նրա գնահատմամբ՝ Հայաստանի ներկայիս ղեկավարության նման մոտեցումը չի համապատասխանում երկրի անվտանգության և ինքնիշխանության ապահովման երկարաժամկետ շահերին։
«Նրանք, ովքեր ուսումնասիրում են տարածաշրջանի պատմությունը, այդ թվում՝ դարերի կտրվածքով, հավանաբար բազմաթիվ փաստեր կգտնեն, որոնք ապացուցում են, որ հայ ժողովրդի ճակատագիրը շատ բարդ և երբեմն արյունալի է եղել։ Թե ով է երկարամյա պատմության ընթացքում եղել նրա անվտանգության և բարգավաճման գլխավոր երաշխավորը, միանշանակ է և ակնհայտ»,- հավելել է ռուս դիվանագետը։








