Իսպանական ֆուտբոլի ղեկավարն ընդգծել է, որ ՖԻՖԱ-ն ամեն ինչ կազմակերպում է սեփական, այլ ոչ թե ֆուտբոլի շահերից ելնելով:
«Եթե նրանց 27 րոպեանոց ընդմիջում է պետք, նրանք դա անում են։ Ջուր խմելու դադարները պարզապես ֆարս են։ Լա Լիգայում մենք ևս կիրառում ենք դա, բայց միայն այն ժամանակ, երբ իսկապես շատ շոգ է։ Իսկ այստեղ՝ Դալասի, Լոս Անջելեսի և Ատլանտայի մարզադաշտերում, օդորակիչներ էին աշխատում. ես նույնիսկ ստիպված էի սվիտեր հագնել տրիբունայում։ Դա ֆարս էր, պարզապես գովազդային դադար։ Հետո էլ եղավ Բալոգանի հետ կապված միջադեպը»,- ասել է Տեբասը։
Անդրադառնալով աշխարհի առաջնության մասնակիցների թվի ավելացմանը՝ Տեբասը նշել է, որ դա որևէ տրամաբանություն չունի: Ըստ նրա՝ ֆուտբոլային ինդուստրիան չի սահմանափակվում միայն մունդիալով.
«Ամեն ինչ չի կարող պտտվել միայն այդ մրցաշարի շուրջ։ Հենց ազգային առաջնություններն են պահում այս մարզաձևը: Նրանք հանուն 40 օր տևող մրցաշարի, որին մասնակցում է ֆուտբոլիստների միայն փոքրամասնությունը, կործանում են մի ողջ ինդուստրիա, որը տասնյակ հազարավոր աշխատատեղեր է ստեղծում»։
Եզրափակելով խոսքը՝ Լա Լիգայի նախագահը հայտարարել է, որ ՖԻՖԱ-ի ղեկավարը պետք է լքի իր պաշտոնը.
«Ինֆանտինոյի հեռանալու ժամանակն արդեն եկել է։ Բայց նրան պաշտպանում է համակարգն ու ֆեդերացիաները։ Ընդդիմադիր թեկնածուներ չկան, քանի որ ոչ ոք չի ցանկանում առաջադրվել միայն պարտվելու համար։ Համակարգը փչացած է հենց իր հիմքում: ԱՄՆ-ում ես շատերից եմ լսել Ինֆանտինոյի դեմ խոսքեր, մարդիկ համաձայն չեն նրա գործողությունների հետ։ Խոսում են, բայց ոչինչ չեն ձեռնարկում։ Չգիտեմ՝ որն է ավելի վատ՝ լռությո՞ւնը, թե՞ հանցակցությունը, քանի որ լռողները շատ լավ հասկանում են, թե ինչ վնաս է հասցվում ֆուտբոլին»։








