ԱՄՆ վարչակազմի բոլոր առանցքային դեմքերը պատրաստ են նպաստել Ուկրաինայի հակամարտության կարգավորմանը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Մենք բոլորս կներգրավվենք», – ասել է նա լրագրողներին Վաշինգտոնից Վիսկոնսին թռչող իր ինքնաթիռում՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյից պետք է ակնկալել ուկրաինական ճգնաժամի լուծմանն ուղղված իր ջանքերի ակտիվացում։ «(Նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվ) Ուիտկոֆը կներգրավվի։ (Նաև ԱՄՆ փոխնախագահ) Ջեյ Դի (Վենսը)։ Բոլորը», – հայտարարել է Թրամփը։
Միևնույն ժամանակ, Սպիտակ տան ղեկավարը հաստատել է իր կանխատեսումը, որ Ուկրաինայում խաղաղություն կհաստատվի։ «Կարծում եմ՝ դա կաշխատի։ Մենք մոտենում ենք (համաձայնությանը)։ … Կարծում եմ՝ դա կաշխատի», – ընդգծել է Թրամփը։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն ցանկանում է տեսնել խաղաղություն Ուկրաինայում։
Ավելին, ԱՄՆ վարչակազմի ղեկավարը հիշեցրել է, որ Վաշինգտոնը այլևս զենք չի նվիրաբերում Կիևին։ «Մենք գումար չենք ծախսում (Ուկրաինային օգնության վրա): Նրանք իրականում մեր արտադրանքը գնում են լրիվ գնով: Եվ (ԱՄՆ նախկին նախագահ Ջո) Բայդենը նրանց ամեն ինչ տվեց՝ հարյուրավոր միլիարդավոր դոլարների զենք և այլ իրեր», – նշել է Թրամփը։
Նա պնդեց, որ Ուկրաինայում զինված հակամարտությունը երբեք չպետք է սկսվեր, և որ այն, ինչ հիմա տեղի է ունենում, «անընդունելի է»:








