Վերջին օրերին օդի ջերմաստիճանի բարձրացումը շատերին գարնան զգացողություն է փոխանցել։ Որոշ համայնքներում արդեն նկատվում է գյուղատնտեսական աշխատանքների ակտիվացում։ Սակայն օդերևութաբանական դիտարկումները և բազմամյա կլիմայական տվյալները ցույց են տալիս, որ փետրվարի վերջի տաքացումը կայուն գարնան հաստատում չի նշանակում։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանը։
«Ի՞նչ է ցույց տալիս վիճակագրությունը
Բազմամյա դիտարկումների համաձայն՝ փետրվարի վերջին և նույնիսկ մարտի առաջին տասնօրյակում հաճախ արձանագրվում են.
- կարճատև, բայց ինտենսիվ ցրտահարություններ
- ցուրտ հոսանքների ներխուժումներ
- -3…-8°C նվազագույն ջերմաստիճաններ հովտային և նախալեռնային գոտիներում
Այս փուլում մթնոլորտային շրջանառությունը դեռ անկայուն է, և արևադարձային տաք օդային զանգվածները կարող են արագ փոխարինվել սառը արկտիկական ներխուժմամբ:
Խորհուրդ ենք տալիս առայժմ խուսափել ակտիվ գյուղատնտեսական աշխատանքներից՝ ծառերի վաղ էտումից և բողբոջման խթանումից
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ
Հ.Գ. 🇺🇸Ամերիկյան GEFS անսամբլային կանխատեսման համակարգը, որը համադրում է 30 առանձին կանխատեսումների արդյունքներ մեր տարածշրջանի զգալի մասում մարտի 1-6-ը ջերմաստիճանը կանխատեսում է նորմայից 1-3 աստիճանով ցածր: Ջերմաստիաճանի համեմատաբար ցածր ֆոնին կարող է նպաստել նաև հանրապետության լեռնային շրջաններում կուտակված ձնածածկույթը»,- գրել է նա։








