Այլևս դադարում է գոյություն ունենալ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից նշանակված հոգևորականների ներկայությունը ՊՆ համակարգում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Տեր Պսակ քահանա Մկրտչյանը։
«Նախարարի հրամանի մեջ հստակ ասված է, որ այն հոգևորականները, որոնք նշանակված են Վեհափառ Հայրապետի տնօրինությամբ, այլևս իրավասու չեն հոգևոր սպասավորություն իրականացնել բանակում»,– նշել է նա:
Տեր Պսակի խոսքով՝ այս որոշմամբ գնդերեցներն այլևս կապը խզելու են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հետ։
«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հոգևոր կրթություն ստացած անձինք կարող են որպես գնդերեց կամ ավագ գնդերեց ծառայել, բայց արդեն փոխված ձևաչափով, այսինքն՝ իրենք զինվորական կոչումներ պիտի ստանան։ Կապիտանի կոչումը, կարծեմ, գնդերեցին էր վերաբերում, մայորի կոչումը՝ ավագ գնդերեցներին, ովքեր ի պաշտոնե անմիջաջականորեն ենթակա են դառնում զորամասի հրամանատարին և բարոյահոգեբանական աշխատանքներ իրականացնող հրամանատարի տեղակալին:
Սա ենթադրում է, որ այդ գնդերեցները այլևս կապը խզելու են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հետ»,– հավելել է նա:
Տեր Պսակը վստահություն է հայտնել, որ Մայր Աթոռը կարձագանքի պաշտպանության նախարարի այդ որոշմանը․ «Մեր գնդերեցները միակամ են, միասիրտ են, նրանք ապացուցեցին իրենց հավատարմությունը եկեղեցու նվիրապետությանը և Վեհափառ Հայրապետին»,– նշել է նա։








