Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց զբաղվածության ապահովման ծրագրի շրջանակում նախկին 430-ի փոխարեն 800 շահառու հնարավորություն կունենա օգտվել աշխատանքային փորձի ձեռքբերման և աշխատանքի տեղավորման բաղադրիչից։ Այս մասին տեղեկացնում են ԱՍՀ նախարարությունից:
Կառավարության այսօրվա նիստում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացրած նախագիծը հավանության է արժանացել։
2025 թվականի ընթացքում հոկտեմբերի 9-ի դրությամբ ծրագրից օգտվել է 633 անձ․ ընդհանուր առմամբ պետական բյուջեից հատկացվել է 439 մլն դրամ։ Ըստ այդմ, աշխատանքային փորձի ձեռքբերման և աշխատանքի տեղավորման բաղադրիչի շրջանակում տրամադրվող ֆինանսական միջոցների չափը կավելացվի՝ հաշվի առնելով այդ ուղղության նկատմամբ առկա պահանջարկը․ այս նպատակով կիրականացվի միջոցառման տարեկան գումարների միջհոդվածային վերաբաշխում։
Հիշեցնենք, որ Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց զբաղվածության ապահովման ծրագրի շրջանակում շահառուն հնարավորություն ունի
օգտվել հետևյալ բաղադրիչներից՝
- մասնագիտական ուսուցում և աշխատանքի տեղավորում,
- աշխատանքային փորձի ձեռքբերում և աշխատանքի տեղավորում,
- մասնագիտական ուսուցում, աշխատանքային փորձի ձեռքբերում և աշխատանքի տեղավորում։
Ծրագրից օգտվելու համար և՛ գործատուները, և՛ Ղարաբաղից բռնի տեղահանված անձինք կարող են դիմել Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային կենտրոն։ Ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ
հղմամբ: