«Մայր Հայաստան»-ի ավագանու անդամն առաջարկում է բարձրացնել Երևանի պոլիկլինիկաների և մանկապարտեզների աշխատակիցների աշխատավարձերը։
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արմենակ Դանիելյանը, մասնավորապես, Ֆեյսբուքի իր էջում գրել է․
Հարգելի երևանցիներ,
Սիրելի համաքաղաքացիներ,
Ես բազմիցս հարցազրույցների և ավագանու նիստերի ժամանակ խոսել եմ Երևան քաղաքի պոլիկլինիկաների և մանկապարտեզների աշխատակիցների աշխատավարձերի ցածր լինելու և այն բարձրացնելու անհրաժեշտության մասին։ Պոլիկլինիկաների բժիշկների և բուժքույրերի, ինչպես նաև մանկապարտեզների դաստիրակների և դայակների աշխատանքի ծանրաբեռնվածությունը և բարձր պատասխանատվությունը համապատասխան չի գնահատվում և համարժեք չի վարձատրվում։
Արդարացի չի, երբ նոր ստեղծվող, նոր բացվող «Երևանի երթևեկության կառավարման կենտրոն» համայնքային հիմնարկի վարչատնտեսական բաժնի աշխատակիցները` պահակն ու հավաքարարը, կստանան 230,000 դրամ կամ էլեկտրիկն ու վարորդը կստանան 286,000 դրամ աշխատավարձ, իսկ բժիշկն ու դաստիարակը, բուժքույրն ու դայակը՝ 2-3 անգամ քիչ։
Ուստի` սույն թվականի դեկտեմբերի 1-ին առաջարկով դիմել եմ Տիգրան Ավինյան-ին՝ վերը նշված հիմնարկների աշխատակիցների աշխատավարձերը վերանայելու և բարձրացնելու համար։
Հ.Գ. Եթե «Երևանի երթևեկության կառավարման կենտրոն» համայնքային հիմնարկի վարչատնտեսական բաժնի պետը 18 աշխատակից ղեկավարելու, նրանց աշխատանքները կազմակերպելու համար ստանալու է 440,000 դրամ աշխատավարձ, ապա Երևանի պոլիկլինիկաների և մանկապարտեզների տնօրենները նույնպես պետք է այդ գումարին համարժեք վարձատրվեն ավելի մեծ աշխատակազմ և ավելի պատասխանատու աշխատանք անելու համար։








