«Մայր Հայաստան» կուսակցությունը նախաձեռնում է իրավական գործընթաց` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի գրանցումը Վաղարշապատ համայնքի ավագանու ընտրություններում ուժը կորցրած ճանաչելու պահանջով:
«Մայր Հայաստան» կուսակցության հայտարարության մեջ ասվում է․
«Բանն այն է, որ նախընտրական քարոզչությունը մեկնարկել է 2025 թվականի հոկտեմբերի 22-ին, և ինչպես մեկնարկից սկսած, այնպես էլ դրան անմիջապես նախորդող օրերին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից թույլ են տրվել ՀՀ ընտրական օրենսգրքի բազմաթիվ խախտումներ, որոնք ունեցել են շարունակական բնույթ, խաթարել են ընտրությունների բնականոն ընթացքը և կարող են էական ազդեցություն ունենալ ընտրությունների արդյունքների վրա: Սա հիմք է ընտրական հանձնաժողովի կողմից կուսակցության ընտրական ցուցակի գրանցման որոշումը ուժը կորցրած ճանաչելու համար` համաձայն ՀՀ ընտրական օրենսգրքի 19-րդ հոդվածի 8-րդ մասի:
Ուսումնասիրությունների և ԶԼՄ-ների կողմից հրապարակած տեղեկությունների արդյունքում պարզ է դառնում, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից թույլ են տրվել հետևյալ էական խախտումները`
-
Քարոզչական պաստառների փակցնումը ՀՀ ընտրական օրենսգրքով արգելված վայրերում։
-
Հանրային պաշտոն զբաղեցնող անձանց կողմից մասնակցությունը նախընտրական քարոզչությանը` ոչ ծառայողական, այդ թվում՝ նախընտրական քարոզչության նպատակներով օգտագործելով նյութատեխնիկական, ֆինանսական և տեղեկատվական միջոցները, պետական և (կամ) համայնքային այլ գույքը և ծառայողական տեղեկատվությունը: Այս մասով խախտում է նաև հանրային պաշտոններ զբաղեցնող անձնաց մասնակցությունը նախընտրական քարոզչությանը` առանց արձակուրդում գտնվելու:
-
Վարչական ռեսուրսի համատարած և լայնածավալ օգտագործում, այդ թվում` համայնքային մարմինների և կազմակերպությունների աշխատակիցների ներգրավվումը նախընտրական քարոզչությանը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակի 1-ին և 2-րդ համարների կողմից նախընտրական քարոզչության ժամանակահատվածի մեկնարկին նախորդող օրերին պաստառների համար նախատեսված վահանակների տեղադրման թույլտվության տրամադրում ձեռնարկատիրական գործունեություն ծավալող սուբյեկտի, որի տեղադրած վահանակների վրա ամբողջ Վաղարշապատ խոշորացված համայնքի տարածքում փակցված են միայն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուի պաստառները:
-
Վաղարշապատ խոշորացված համայնքի Դողս բնակավայրում ընտրությունների նշանակման որոշումից հետո, մասնավորապես, նախընտրական քարոզչության մեկնարկին նախորդող օրը` 2025 թվականի հոկտեմբերի 21-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակի 1-ին համար, այլ թեկնածուների և հանրային պաշտոն զբաղեցնող անձանց մասնակցությամբ «բարեգործական միջոցառում» անվան տակ ՀՀ քրեական օրենսգրքի 221-րդ հոդվածով սահմանված բարեգործության արգելքի խախտում, որի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ:
-
Վաղարշապատի համայնքապետարանի կառավարման ներքո գտնվող «Կոմիտասի անվան մշակույթի պալատ» ՀՈԱԿ-ի դահլիճի` «Մայր Հայաստան» ազգային-դեմոկրատական կուսակցությանը տրամադրելու արգելք` Վաղարշապատի համայնքապետարանի կողմից: Եվ դա այն դեպքում, երբ «Քաղաքացիական պայմանագրին» նույն դահլիճը տրամադրվել է։
Վերը նշված 5 խումբ խախտումները դրսևորվել են մի քանի տասնյակ դրվագներով և սրանք հիմք են կուսակցության ընտրական ցուցակի գրանցման որոշումն ուժը կորցրած ճանաչելու համար` համաձայն ՀՀ ընտրական օրենսգրքի 19-րդ հոդվածի 8-րդ մասի:
«Մայր Հայաստան» ազգային-դեմոկրատական կուսակցությունը համապատասխան պահանջով դիմում կներկայացնի թիվ 14 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին»:








